Էթիկայի կանոնագիր

Ընդունվել է 01․11․2020

«Մարդու իրավունքների լուսաբանման նախագիծ» առցանց լրատվամիջոցը մեծապես կարևորում է խոսքի և տեղեկատվության ազատությունը, միևնույն ժամանակ պարտավորվում է տեղեկատվական և հետազոտական արտադրանք հրապարակելիս հարգել ճշմարտության և ճշգրտության, ազնվության և անաչառության, թափանցիկության և «մի՛ վնասիր» սկզբունքները, հետևել հետևյալ կանոններին․

Հրապարակել միայն ճշմարիտ և ստուգված տեղեկություններ

Մինչ նյութի հրապարակումը դրանում առկա բոլոր փաստերը ստուգվում են, չեն պարունակում մանիպուլյացիաներ, խեղաթյուրված փաստեր, կիսաճշմարտություններ կամ կեղծ տեղեկություններ։ Մեկնաբանությունները չեն ներկայացվում որպես փաստեր։

Լինել ազնիվ

Նյութի պատրաստման ընթացքում տեղեկությունների հավաքագրումը չի կարող լինել ապօրինի կամ անազնիվ եղանակներով, օրինակ, առանց թույլտվության գաղտնի ձայնագրություն։ Մենք հարգում ենք հեղինակային իրավունքը, դեմ ենք գրագողությանը և մշտապես հղում ենք անում այն աղբյուրներին, որոնցից ստացել ենք տեղեկությունը։

Սխալվելու դեպքում մենք այն ուղղում ենք անմիջապես, անհրաժեշտության դեպքում նաև ծանուցում սխալի մասին։

Լինել անաչառ և օբյեկտիվ

Նյութեր պատրաստելիս մշտապես պատասխանի իրավունք տալ շահագրգիռ կողմին/երին, նյութերը ներկայացնել բազմակողմանիորեն։

Լինել անկախ և անկաշկանդ

Մենք չենք ընդունում թանկարժեք նվերներ՝ հաշվի առնելով, որ դրանք կարող են հարվածի տակ դնել մեր անկաշառությունը՝ որևէ խնդրի թեմայի անդրադառնալիս։ Նվերի արժեքի առավելագույն չափը կարող է լինել 10 000 ՀՀ դրամը։

Մի վնասիր

Նյութեր պատրաստելիս պարտադիր է հարգել մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը: Մշտապես հարգել անմեղության կանխավարկածի սկզբունքը:

Մենք աշխատում ենք հանուն հասարակության կարիքների և ժողովրդավարական արժեքների։ Բացառում ենք խտրականության և ատելության խոսքը։

Զգայուն թեմաների անդրադառնալիս առավել զգոն ենք՝ տեղեկություններ ստանալու դեպքում չափահաս անձի կամ երեխայի ծնողի/խնամակալի համաձայնությունը ստանալու հարցում։ Խոցելի իրավիճակում հայտնված անձանց դեպքում նախընտրում ենք հրաժարվել հրապարակել այնպիսի տվյալներ, որոնց դեպքում անձը կնույնականացվի և միգուցե ավելի խոցելի վիճակում կհայտնվի։

Կանոնագրում նշված բոլոր կետերի պահպանումը պարտադիր է «Մարդու իրավունքների լուսաբանման նախագիծ» առցանց լրատվամիջոցի բոլոր աշխատակիցների և համագործակից անձանց համար։