«Երբ քսանչորս տարեկան էի, ենթարկվեցի մանկաբարձական բռնության: Դրա մասին ընդունված չէ խոսել կամ առհասարակ անվանել բռնություն և ընկալել որպես այդպիսին»,- իր պատմությունն այսպես է սկսում հոգեբան Արփի Խալաթյանը, ով հայաստանյան իրականության մեջ առաջինն էր, որ իր փորձով պատմեց, թե ինչ է մանկաբարձական բռնությունը: EVN Report-ի հետ զրույցում Արփին նշում է՝ կինը ծննդաբերության ժամանակ խոցելի է և հեշտ է համոզել նրան, որ նույնիսկ իր դեմ կատարվող բռնությունը բխում է իր ու իր երեխայի շահերից․
«Բավական է ասել՝ դու վնասում ես քո երեխային, պետք է, օրինակ, խթանում անել, ու վերջ»։
«Յուրաքանչյուր կին իրավունք ունի առողջապահության հասանելիության ամենաբարձր ստանդարտի, ինչը ներառում է արժանապատիվ, հարգալից բուժօգնություն՝ հղիության և ծննդաբերության ընթացքում, ինչպեսև բռնությունից ու խտրականությունից պաշտպանվածություն»,- նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարության մեջ։
Այնուամենայնիվ, շատ կանայք ենթարկվում են մանկաբարձական բռնության, ինչը ոչ միայն ոտնահարում է նրանց արժանապատիվ և հարգալից բուժօգնություն ստանալու իրավունքը, այլև կարող է լուրջ սպառնալիքներ ստեղծել կյանքի և առողջության համար։
Ի՞նչ է մանկաբարձական բռնությունը
Համաձայն ԱՀԿ-ի՝ մանկաբարձական բռնությունը (կամ՝ ագրեսիան) կարող է հետևյալ կերպ դրսևորվել․ «․․․ֆիզիկական բռնություն, նվաստացում, վերբալ բռնություն, հարկադրական կամ կնոջ հետ չհամաձայնեցված բժշկական ընթացակարգեր (ներառյալ ամլացումը), գաղտնիության բացակայություն, կնոջ լիովին չտեղեկացվածության հետևանքով ընդունած որոշման հիման վրա միջամտություններ, ցավազրկողներ տալ մերժելը, մեկուսի լինելու կոպիտ խախտումները, հրաժարվելն ընդունել հիվանդանոց կամ հրաժարվել բուժօգնություն ցուցաբերել՝ վճարել չկարողանալու պատճառով»։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ վերարտադրողական առողջության ծառայությունների ընթացքում կանանց հանդեպ բռնությունների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ մանկաբարձական բռնության դրսևորումները բազմաթիվ են, սակայն հիմնականում դրանք երեք խմբի են բաժանվում՝ ֆիզիկական, հոգեբանական և ֆինանսական։
Ֆիզիկական բռնություն են համարվում անհարկի բժշկական միջամտություններն ու դեղորայքի նշանակումը, կամ երբ ծննդաբերության բնականոն ընթացքը չի պահպանվում, չի ապահովվում ծննդաբերության ժամանակ կնոջը հարմար դիրքը և այլն։ Մանկաբարձական բռնությունից խուսափելու համար ԱՀԿ-ն ունի մի շարք ցուցումներ, որոնց համաձայն՝ պետք է հրաժարվել կամ միայն խիստ կենսական անհրաժեշտության դեպքում կիրառել այնպիսի միջամտություններ, ինչպիսիք են էպիզիոտոմիան (շեքահատում), Կրիստելերի մեթոդը (երբ ծննդկանի որովայնը սեղմում են՝ խթանելով երեխայի ծնունդը), պտղաթաղանթի պատռելը, ինչպեսև սահմանափակել օքսիտոցինի կիրառումը, պահպանել կեսարյան հատումների ԱՀԿ-ի կողմից ցուցված թիվը (ընդհանուր ծնունդների 10-15 տոկոսը) և այլն:
Մանկաբարձական բռնության մյուս ձևը հոգեբանականն է, երբ կինը ենթարկվում է նվաստացուցիչ, անհարգալից և խտրական վերաբերմունքի։ Օրինակ, բուժօգնության ժամանակ կնոջ հասցեին արվում են վիրավորական, սեքսիստական ռեպլիկներ։
Ֆինանսական բռնություն է այն, երբ բուժանձնակազմը (կամ բժիշկը, բուժքույրը) հրաժարվում են բուժօգնություն ցուցաբերել կնոջը՝ անվճարունակ լինելու պատճառով։ Օրինակ, «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2015 թվականին կայացվել է դատավճիռ, որով գինեկոլոգ-մանկաբարձ Նշան Գևորգյանը դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման, քանի որ կեսարյան հատում կատարելու համար հղի կնոջ սկեսուրից գումար է պահանջել, սակայն մերժում ստանալուց հետո հրաժարվել է հղի կնոջը բուժօգնություն ցուցաբերել:
Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեից EVN Report-ին փոխանցած տվյալների համաձայն, վերջին 5 տարիների ընթացքում (2017-2020 և 2021-ի առաջին կիսամյակ), բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով ծննդկան կնոջ կամ նորածին երեխայի առողջությանը վնաս հասցնելու դեպքերի առթիվ քննվել է 16 քրեական գործ, որից 2 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել է դատարան, 11-ի վարույթը կարճվել է (10-ը՝ հանցակազմի բացակայության, 1-ը՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով), 3 գործի վարույթը կասեցվել է՝ հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ։
Նույն ժամանակահատվածում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով ծննդկան կնոջը կամ նորածին երեխային անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերի առթիվ քննվել է 73 քրեական գործ, որից 2 գործ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել է դատարան, 29-ի վարույթը կարճվել է (20-ը՝ հանցակազմի, 5-ը հանցադեպի բացակայության, 2-ը՝ վաղեմության ժամկետն անցնելու, 1-ը հանցանք կատարած անձի մահվան, 1-ը՝ համաներման մասին օրենք ընդունվելու հիմքով), 36 գործի վարույթը կասեցվել է՝ հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ, 6 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Կոկորդիլոսի սինդրոմ
«Մանկաբարձական ագրեսիան ակտուալ խնդիր է․ բժշկական պրակտիկայում կան պտղապարկի անհարկի պատռումները, ինդուկցիաները, ստիմուլացիաները, երբ բժիշկն ինքն է որոշում, որ տվյալ պացիենտը հենց այսօր պետք է ծննդաբերի, որովհետև դա իրեն հարմար է․․․»,- EVN Report-ի հետ զրույցում նշում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորայր Ղուկասյանը։
Նրա խոսքով, եթե բնականոն ծննդաբերությանը բժիշկը միջամտում է, ապա պետք է գործընթացը հասցնի ավարտին․ «Մանկաբարձական ագրեսիայի մեջ կա «կոկորդիլոսի սինդրոմ» հասկացությունը: Կոկորդիլոսը միակ չորքոտանին է, որը հետ չի գնում։ Եթե 38 շաբաթական հղիության դեպքում բժիշկը որոշեց միջամտել և որևէ դեղորայքային ստիմուլացիա անել և այլն, նա այլևս չի կարող ստացիոնարից կնոջը դուրս գրել և տուն ուղարկել, ասել՝ արի՛ մի քիչ էլ սպասի։ Այսինքն, եթե նույնիսկ սխալ սկսել է, պետք է հասցնի ավարտին։ Եվ քանի որ գրեթե բոլորը պրոֆեսիոնալ բժիշկներ են, դեպքերը հիմնականում դրական ավարտ են ունենում, այսինքն՝ երբ մայրը և երեխան կենդանի են»։
Բժիշկ Ղուկասյանի խոսքով, թեև մայրը և նորածինը կենդանի են լինում, սակայն ծննդօգնության ժամանակ կիրառված միջամտությունները կարող են առողջական խնդիրների պատճառ դառնալ։
Նա նաև վստահեցնում է, որ իրենց կլինիկայում արվում են բոլոր միջոցառումները՝ մանկաբարձական ագրեսիան բացառելու համար։ Եվ հավելում, որ ընդհանրապես մանկաբարձական բռնության դեպքերը փոքր տոկոս են կազմում։
2016-2018 թվականներին ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ կառույցների ֆինանսավորմամբ Գանայում, Գվինեայում, Միանմարում և Նիգերիայում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 35․4 տոկոսը ենթարկվել է ֆիզիկական և վերբալ բռնության, խարանի կամ խտրականության։ Հայաստանյան իրավիճակի վերաբերյալ ամբողջական, հայտնի և հասանելի տվյալներ չկան։
Կեսարյան հատումների թիվը տարեցտարի աճում է
«Ես կարծում եմ, որ իմ դեպքում կեսարյանից կարելի էր խուսափել»,- մեզ հետ զրույցում նշում է 32-ամյա կինը։ Պատմում է, որ հղիության 38-րդ շաբաթում պտղաջրերի արտահոսք է եղել, գնացել են հիվանդանոց․ «Բժիշկն ասաց, որ բացվածք չունեի։ Կտրականապես դեմ էի կեսարյան հատմանը, անընդհատ կապի մեջ էի արտասահմանում գտնվող վստահելի ամերիկացի բժշկիս հետ: Նա ինձ ասաց, որ կարող ենք երկար սպասել։ Դրան հակառակ, իմ բժիշկը, համոզվելով, որ էլի բացվածք չունեմ, վստահ ասում էր՝ «սա կեսարյան ա»: Մոտ 8 ժամ անց արդեն հստակ ասաց, որ պատրաստվեմ վիրահատության: Էլի պնդում էի, որ չեմ ուզում: Այդ ժամանակ ինձ ասացին, որ պետք է ստորագրեմ, որ հրաժարվում եմ կեսարյանից, որովհետև ռիսկի տակ բժիշկը չի ընկնի: Ի վերջո, տեղի տվեցի, քանի որ վախեցա, երբ ստորագրելու մասին ասացին»:
Ինչպես արդեն նշվեց, ԱՀԿ ցուցումների համաձայն՝ կեսարյան հատմամբ ծննդաբերությունների թիվը չպետք է գերազանցի ընդհանուր դեպքերի 10-15 տոկոսը։ Հայաստանում, սակայն այս ցուցումն ակնհայտորեն չի պահպանվում։ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ 1980-ին կեսարյան հատումների թիվը եղել է ընդհանուր ծնունդների 0,94 տոկոսը, 1990-ին՝ 3,35 տոկոսը, 2000-ին՝ 7,24 տոկոսը, 2010-ին՝ 18,86 տոկոսը, 2018-ին՝ 32,5 տոկոսը, 2019-ին՝ 34,3 տոկոսը և 2020-ին՝ 35,9 տոկոսը։ Ի դեպ, 2020-ին միայն Երևանում այս ցուցանիշը եղել է 42,4 տոկոս։
«Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանը նշում է, որ կեսարյան հատումների այս բարձր ցուցանիշի հետևում միայն մանկաբարձ-գինեկոլոգների որոշումը չէ․
«Օրինակ, կան դեպքեր, երբ ակնաբույժը ճիշտ չէ կողմնորոշվում և պարտադրում է՝ կեսարյան հատում արեք։ Կամ, երբ կինը պնդում է կեսարյան հատում անել, քանի որ շատ տեղեկացված է, որ կարող է ունենալ հեշտոցի անատոմիայի խախտման խնդիր»։
Բժիշկ Ղուկասյանի խոսքով, խնդիր է նաև հղի կանանց առողջական խնդիրների բավականին բարձր մակարդակը․ «Կան այնպիսի հիվանդություններ, որոնց դեպքում ուղղակի հնարավոր չէ բնական ծննդաբերությունը, օրինակ, ողնաշարի ծանր կիֆոզներ, սկոլիոզներ և այլն: Այսինքն՝ դրանք անուղղակիորեն մեծացնում են կեսարյան հատումների քանակը, մինչդեռ անցյալ դարում այդպիսի խնդիր ունեցող կանայք ընդհանրապես երեխա չէին ունենում»:
Միևնույն ժամանակ, Ղուկասյանը խոսում է կեսարյան հատումների թիվը նվազեցնելու ուղիների մասին․ «Ներկայումս դոկտորական աշխատանքի համար ռետրոսպեկտիվ հետազոտություն եմ անում․ մի քանի կլինիկաներում ուսումնասիրում ենք մոտ 30 հազար պացիենտի հիվանդության պատմություն և տեսնում ենք, որ այս դեպքերում կեսարյան հատումները 10-15 տոկոսով նվազեցնելու տեղ կար»։
Նրա խոսքով, աշխարհը կեսարյան հատումների թիվը նվազեցնելու համար մի արդյունավետ գործիք ունի՝ ԱՀԿ-ի կողմից հաստատված Ռոբսոնի դասակարգումն է․ «Ի ուրախություն մեզ՝ առողջապահության նախարարությունից նամակ ենք ստացել, որ Հայաստանում ուզում են ներդնել այս փորձը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի խմբագրի հաստատումից հետո։